22/10/2018 16:12
ՏԻՄ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, որոշակիորեն կանխորոշվում են նաև խորհրդարանական ընտրությունները. քաղաքագետ
Կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որտեղ հիմնականում հաղթող ճանաչվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։
Այս արդյունքները, ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, ինչ-որ չափով կանխատեսելի էին, քանի որ այսօրվա քաղաքական իրավիճակում դեռևս շարունակվում է վստահություն բարձր ռեյտինգ պահպանվել Հայաստանում իշխանափոխություն իրականացրած քաղաքական ուժի նկատմամբ։
«Ընտրություններն առանց լուրջ ընտրախախտումների են եղել, և եթե համեմատում են ՀՀԿ-ի ժամանակահատվածի հետ, հնարավոր է, որ արդյունքի տեսակետից նման է, ամեն տեղ իշխող ուժի ներկայացուցիչն է հաղթում, բայց փաստն այն է, որ առայժմ չկան բողոքներ ընտրակաշառքների, նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործման մասին», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ փոքր-ինչ սպասելի էին նույնիսկ այն արդյունքները, որոնք կան Կապանում։ Այստեղ, հիշեցնենք, ընտրվել է անկուսակցական թեկնածուն՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչին։
«Սպասելի էին, քանի որ Կապանն այն տարածաշրջանում է, որը նախորդ իշխանության օրոք էլ համարվում էր մի տարածք, որտեղ դժգոհության շատ մեծ ալիք չկար, քանի որ այստեղ խոշոր ձեռնարկություններ են աշխատում», - նկատեց Հակոբյանը։
Հրազդանում էլ, ըստ քաղաքագետի, ֆորմալ առումով ՔՊ-ի թեկնածուն չի հաղթել, բայց դա, ըստ քաղաքագետի, միայն ֆորմալ է։
«Պարզ է, որ այդ ազդեցությունը եղել է, որովհետև Սասուն Միքայելյանի որդու շտաբում ՔՊ-ի ներկայացուցիչներն էին աշխատում», -ասաց Վիգեն Հակոբյանը։
Այս ընտրությունները, նրա խոսքով, թեև կանխատեսելի էին, բայց նաև ցույց են տալիս, որ Հայաստանում էյֆորիայի տարբեր աստիճաններ կան, այդ էյֆորիան միանշանակ չէ բոլոր շրջաններում:
Հարցին, թե Երևանում և մյուս քաղաքներում տեղի ունեցած ընտրություններն արդյոք որոշակիացնում են, թե ինչպիսին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ մոտակա մեկուկես ամսվա ընթացքում հանրային տրամադրությունները կարող են կտրուկ փոփոխվել։ Նկատելի է, որ իշխանությունն այս պահին իր մարտավարությունը փոխել է, սև-սպիտակի բաժանման մարտավարությունից հրաժարվել է և ասում է՝ բարիկադները պետք է քանդել։ Այս ընտրություններն էլ որոշ չափով ցույց են տալիս, թե ինչ հանրային տրամադրություններ կան։ Համենայն դեպս, ակտիվ զանգվածի գերակշիռ մասը տրամադրված է այսօրվա իշխանություններին վստահության քվե տալու»։