27/10/2018 15:18
Եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, ապա ընտրական գործընթացը գնալու է հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանության մեջ. Փաշինյան
Երևանի, այնուհետև տեղական ինքնակառվարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ խնդիրն ամենևին էլ Ընտրական օրենսգրքի մեջ չէ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, իրենց ներկայացրած ուժի համար միևնույնն է՝ իրենք կարող են գործող ընտրական օրենսգրքով էլ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Սակայն Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության համար «ավելի նպաստավոր» են դարձնում ընտրություններին մասնակցելը։
«Մեր մղումը Ընտրական օրենգիրքը քաղաքական դաշտի համար առավել նպաստավոր դարձնելն է։ Եվ եթե «Հանրապետական» գործընկերները ասում են, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ կլինի, և այլն, մենք տեսանք, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ չէ։ Հիմա, թող իրենք ասեն, որ իրենք են դեմ։ Միևնույն է, ես կարծում եմ, որ նրանք սխալ ճանապարհով են գնում, որովհետև եթե իրենք այս կեցվածքը շարունակեն պահպանել, ապա անխուսափելիորնե ընտրական գործընթացը գնալու է հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանության մեջ, որովհետև այդ մեսիջներով իրենք ի՞նչ են ցույց տալիս, իրենք ցույց են տալիս, որ դեռևս իրենց մեջ կենդանի է այն միտքը, որ իրենք հեսա կվերադառնան իշխանության, ինչը նույնիսկ ֆանտաստիկայի ոլորտից չէ», -հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը դեմ է Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին, մասնավորապես, գործող ռեյտինգային ընտրակարգի փոփոխությանը։