30/10/2018 16:16
Իտալիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Այս օրերին Իտալիան պատուհասած եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 9-ի, հայտնել են իշխանությունները՝ մանրամասնելով, որ զոհերը գրանցվել են տարբեր շրջաններում:
Հայտնի է, որ երկուշաբթի Իտալիայի հյուսիսում գտնվող հինգ շրջաններում՝ Լիգուրիայում, Լոմբարդիայում, Վենետոյում, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայում և Տրենտինո Ալտո Ադիջեում, Քաղաքացիական ինքնապաշտպանության ազգային ծառայության կարգադրությամբ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել:
Տեղատարափ անձրևներն ու ուժեղ քամին լուրջ խնդիրներ են ստեղծել տրանսպորտային երթևեկության համար:
Այժմ իշխանություններին անհանգստացնում է Վենետոյում և Լիգուրիայում տիրող իրավիճակը: Հայտնի է, որ Վենետոյում ճգնաժամային դրություն է հայտարարվել, մինչդեռ Լիգուրիայում քամու արագությունը հասել է 160 կմ/ժ-ի: Այս շրջաններում էլեկտրալարերի պոկվելու հետևանքով առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 300.000 մարդ: