Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ. Սվիտալսկի (Տեսանյութ)
30/10/2018 18:17

Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ. Սվիտալսկի (Տեսանյութ)

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շնորհիվ Հայաստանում հիմք է դրվել օրգանական գյուղատնտեսության մշակույթի ձևավորմանը: Ծրագրի թիրախ խումբը փոքր ֆերմերներն են, ֆերմերային խմբերն ու վերամշակողները:

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքում գործող «Տրինիտի» օրգանական գինու արտադրամասը մեկն է այն 44 ֆերմերային տնտեսություններից, որոնք աջակցություն են ստացել Եվրոպական միության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի կողմից: Գինու արտադրությունն ընդլայնելու համար «Տրինիտի» ընկերությունը ԵՄ ծրագրի կողմից ստացել է մոտ 29.941,00 եվրո դրամաշնորհ:

Ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել 27 փոքր ֆերմերային խմբերի, իսկ 18 ֆերմերային տնտեսություն ստացել է դրամաշնորհային աջակցություն:

Վայոց ձորի Ելփին համայնքում էլ ստեղծվել է «Ելփին» եվրոպական բարձրարժեք պանրի արտադրամաս։
ԵՄ դրամաշնորհը 49 900 եվրո է:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ միասին այցելել էր մարզ՝ հանդիպելու Հայաստանի գյուղատնտեսների հետ և ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին:

«Եվրոպական միությունը երկար տարիներ աջակցել է Հայաստանի գյուղատնտեսներին և դարձել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը», - ասաց Պյոտր Սվիտալսիկին՝ նշելով, որ Հայաստանին ԵՄ աջակցությունը կշարունակվի։

«Եվրոպական միությունում մեծ պահանջարկ ունի առանց արհեստական բաղադրիչների, առողջ, բնական, քիչ շաքարով արտադրանքը: Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ և առավելություն է, որ շատ ընկերություններ ԵՄ աջակցության շնորհիվ ունեն օրգանական հավաստագիր», - նշեց դեսպանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  ճանապարհ է հարթում ավելի խորը համագործակցության, տնտեսական համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտների, այդ թվում` գյուղատնտեսության, ավելի սերտ կապեր հաստատելու նոր հնարավորությունների ստեղծման համար:

Մանրամասն՝ տեսանյութում։

 


 

Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ. Սվիտալսկի (Տեսանյութ)