31/10/2018 13:41
Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ գտնվել է կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը
Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Հադի Թյաջանթոն չորեքշաբթի հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերվել է երկրի ափերի մոտ կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժի տեղադրությունը, գրել է ավստրալական The Mercury թերթը:
Նրա խոսքով՝ օդանավի բեկորի հնարավոր տեղադրությունը որոշվել է Ճավայի ծովում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում:
«Մենք համոզված ենք, որ գտել ենք JT610-ի ֆյուզելյաժի մի մասը»,- հայտարարել է Թյաջանթոն տեղական հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ գտնվել են ինքնաթիռի բեկորներ և ուղևորների մարմիններ, սակայն ֆյուզելաժը և ինքնաթիռի գրանցասարքերն առայժմ չեն հայտնաբերվել:
Jakarta Post թերթը չորեքշաբթի հայտնել է, որ Boeing ընկերության և ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչները կժամանեն Ինդոնեզիա, որպեսզի միանան Boeing 737 ինքնաթիռի ավիաաղետի հետաքննությանը: