14/11/2018 20:15
Նոր կեղծիքներ փաստերի փոխարեն. Fip.am-ը շարունակում է մոլորեցնել ընթերցողին
Փաստերի ստուգման հարթակ ներկայացող Fip.am կայքը երեկ հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Аysor.am-ի վերաբերյալ:
Օրեր առաջ նշված կայքը, հղում անելով մամուլի անհայտ հրապարակումներին, ակնհայտ կեղծիք էր տարածել Aysor.am-ի վերաբերյալ՝ նշելով, թե կայքը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Արձագանքելով կեղծ լուրին՝ Aysor.am-ը իր հրապարակման մեջ պահանջել էր ներկայացնել մամուլի գեթ մեկ հրապարակման հղում, որում, ինչպես Fip.am-ն էր գրել, նշված կլիներ, թե կայքը պատկանում կամ ղեկավարվում է ՀՀ երկրորդ նախագահի կամ նրա հետ կապված որևէ սուբյեկտի կողմից:
Չկարողանալով ներկայացնել գոյություն չունեցող տվյալներ, Fip.am-ը ընթերցողից ներողություն խնդրելու և հերքում տպագրելու փոխարեն դիմեց հերթական մանիպուլյացիային՝ կամայականորեն մեկնաբանելով ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից վերցված և Аysor.am-ին վերաբերող տվյալները:
Անշուշտ, տարօրինակ է, որ փաստերի ստուգման հարթակ ներկայացող կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանը տեղեկատվությունը կրող սուբյեկտին հարցում անելու փոխարեն փորձել է սեփական ճաշակով հրամցնել ինչ-որ փաստեր, որոնք Aysor.am կայքի հետ առնչություն չունեն: Իսկ եթե կայքն ու լրագրողը պրոֆեսիոնալ ու բարեխիղճ գտնվեին, ապա կարող էին տեղեկանալ, որ Aysor.am-ը պատկանում է 2018թ. օգոստոսին հիմնադրված «Այսօր Էյ Էմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը որևէ առնչություն չունի «Պանորամա էյ Էմ» ՍՊԸ-ի հետ:
Նույնիսկ եթե սույն թվականի հոկտեմբերի 18-ին «Պանորամա էյ Էմ» ՍՊԸ-ի 49 տոկոս բաժնեմասն անցել է, ինչպես կայքն է նշում, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Արմեն Թավադյանին, Аysor.am-ը այդ գործարքի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող, քանի որ, ինչպես արդեն նշվեց, Аysor.am-ը դեռևս օգոստոսից այլև չի հանդիսանում «Պանորամա էյԷմ»-ի սեփականությունը:
Այսինքն, Fip.am-ը հերթական կեղծ ու ոչ լիարժեք տվյալներ է հրապարակել Aysor.am-ի վերաբերյալ՝ խուսափելով իրենց իսկ տարածած ապատեղեկատվությունը հերքելուց:
Բայց սա դեռ ամենը չէ:
Վերջին հրապարակման մեջ Fip.am-ը, չբավարարվելով հրապարակած կեղծիքի ծավալով, անդրադարձել էր Аysor.am կայքի ներկայիս գլխավոր խմբագիր Հովհաննես Քոսյանին՝ նշելով, թե նա աշխատել է ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի տնօրենը հանդիսացել է «Պանորամա էյԷմ» ՍՊԸ նախկին սեփականատեր Արա Սաղաթելյանը, և, ուշադրություն, փաստերի ստուգման հարթակ ներկայացող կայքը, առանց որևէ փաստ մատնանշելու, «ակնհայտ կոռուպցիոն ռիսկ էր» տեսել այս գործընթացում:
Թե ինչ «ակնհայտության» մասին է խոսքը, հայտնի է միայն սիրողական նյութի հեղինակին, որովհետև փաստերի ստուգմամբ զբաղվող պրոֆեսիոնալ լրագրողին բարդ չէր լինի պարզել, որ ՊՈԱԿ-ում աշխատելու տարիներից ի վեր և մինչ օրս Հովհաննես Քոսյանը աշխատում է նաև «ԱՐ» հեռուստաընկերությունում:
Ինչ վերաբերում է Ауsor.am-ի խմբագրի պարտականություններին, ապա հարկ է տեղեկացնել, որ Հովհաննես Քոսյանն այն ստանձնել է 2018թ. հոկտեմբերից, իսկ դրանից 4 ամիս առաջ դադարել է աշխատել ՊՈԱԿ-ում:
Փաստեր ձեռք բերելու ու դրանք ստուգելու հարցում ակնհայտ խնդիրներ ունեցող լրագրողին խորհուրդ կտանք հաջորդ անգամ Հովհաննես Քոսյանի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել անձամբ Հովհաննես Քոսյանին: Այդ դեպքում նաև մեծ է հավանականությունը, որ նրա ազգանունը Fip.am կայքում ճիշտ կգրվի:
Վստահեցնում ենք, որ կոլեգիալության սկզբունքը պահպանելով, լիարժեք ու հավաստի տեղեկություններ կտրամադրվի նույնիսկ փաստերի ստուգման անվան տակ փաստեր աղավաղող հեղինակին: Միաժամանակ ցավում ենք, որ Հովհաննես Քոսյանի նախկին գործատու հիմնարկն առանց նրա համաձայնությունը ստանալու անհատական տվյալներ է փոխանցել երրորդ սուբյեկտի:
Հետգրություն
Ցավալի է, երբ փաստերի ստուգման իրական հարթակ ունենալու և լրատվական դաշտը կեղծ լուրերից մաքրելու անհրաժեշտության օր օրի մեծացմանը զուգընթաց, հայտնվում են Fip.am-ի նման կայքեր, որոնք, հակառակ իրենց հռչակած սկզբունքներին, զբաղվում են ստի, մանիպուլյացիայի տարածմամբ: Fip.am-ը ոչ միայն մոլորեցնում է ընթերցողին, այլև չարաշահում է մեդիագրագիտության մակարդակի բարձրացման նպատակով դրամաշնորհներ տրամադրող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների վստահությունը: Այդ դրամաշնորհները տրամադրվում են, ոչ թե մակերեսային դատողություններ անելու, այլոց վարկաբեկելու ու թիրախավորելու, այլ լրատվական դաշտի որակը բարձրացնելու նպատակով: Ինչպես երևում է, Fip.am-ում առաքելության ընկալման հետ խնդիրներ կան, հուսով ենք՝ հարթակին աջակցող կազմակերպություններն ուշադրություն կդարձնեն այս փաստի վրա:
Аysor.am-ը պահանջում է հերքել կայքի վերաբերյալ Fip.am-ի տարածած սուտ տեղեկությունները, հակառակ, դեպքում խնդրին կարող է լուծում տրվել դատական կարգով: