Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության լուծման նոր առաջարկներ դրվեն սեղանին
21/11/2018 15:27

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության լուծման նոր առաջարկներ դրվեն սեղանին

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ունի երկու պատասխան այն հարցին՝ ինչո՞ւ հապշտապ որոշվեց խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել հենց դեկտեմբերին և ոչ ավելի ուշ, ինչպես նախատեսված էր։
 
«Ես երկու պարզ պատճառ եմ տեսնում. առաջինը՝ ինչքան երկար է տևում ժամանակը, այնքան ավելի է շատանում գործող իշխանությունների նկատմամբ քննադատությունը, որովհետև մարդկանց ակնկալիքները շատ մեծ են, հույսն էլ, իհարկե, բավարար է, որպեսզի այդ ակնկալիքները հավասարակշռի։ Բայց գալիս է ժամանակը, երբ այդ հավասարակշռությունը խախտվում է. ակնկալիքները մնում են, հույսը քչանում է։ Հնարավորինս արագ է պետք կատարել, որ այդ հույսը մարած չլինի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց դաշնակցական պատգամավորը։
 
Նա մատնանշեց նաև երկրորդ պատճառը, թե ինչու իշխանությունները շտապեցին արտահերթ ընտրությունների հարցում. «Ես չեմ բացառում արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները, որի առաջին արձագանքը, նշանը տվեց պարոն Բոլթոնը, երբ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այն ժամանակ, երբ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը։ Այդ վստահությունը պետք է օգտագործվի հանուն նրա, որ գնանք կոմպրոմիսների Ղարաբաղի հարցում։ Չեմ բացառում, որ մոտ ապագայում ականատեսը լինենք հակամարտության լուծման նոր առաջարկների, որոնք կդրվեն սեղանին։ Նորից սա ինձ մոտ դեժավյու է հիշեցնում ու աչքիս առաջ գալիս են 90-ականները. այն ժամանակ էլ 93 տոկոսով ունեցանք ընտրված նախագահ և առաջին քայլը որ կատարվեց, Ղարաբաղի ուղղությամբ շեղումն էր էն տրամաբանությունից, որով իրենք եկել էին իշխանության։ Այսինքն՝ եկել էին միացման կարգախոսով, բայց հետո բերվեց առաջարկ, որը չընդունվեց հենց իր թիմի կողմից։ Այն ժամանակ թիմը ձևավորվել էր հենց Ղարաբաղի հարցի վրա, բայց այս թիմը այդ հարցի հետ կապ չունի և իմ հիմնական մտահոգությունը հենց դա է՝ ո՞վ է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը»։
 
Դաշնակցական գործչի խոսքով` Բոլթոնի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ գնահատականը ճիշտ է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը եթե պետք է լուծվի, ապա պետք է լուծի այն իշխանությունը, որն ունի բարձր վստահություն։
 
«Հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի խոսքն այսօր հալած յուղի պես ընդունում է ժողովուրդը։ Այս վիճակը արտաքին ուժերին ձեռք է տալիս, նրանց կարևոր չէ՝ մեր ժողովուրդը աղքա՞տ է ապրում, թե սոված է։ Նրանց խնդիրները աշխարհաքաղաքական են։ Այդ խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ», - հավելեց Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության լուծման նոր առաջարկներ դրվեն սեղանին