06/12/2018 14:14
ԱՄՆ-ի սենատորները սաուդյան գահաժառանգ արքայազնին պատժելու բանաձև են ներկայացրել
Միացյալ նահանգների երկու կուսակցություններից մի խումբ սենատորներ երկրի Կոնգրեսի վերին պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով պահանջվում է պատժել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին՝ լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության համար:
Փաստաթղթում նշվում է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը «վերահսկում էր անվտանգության ուժերին» սպանության ժամանակ և, «հիմնվելով հանցանշանների և ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված տվյալների վրա, Սենատը բարձր աստիճանի վստահություն ունի, որ Մուհամեդ բեն Սալմանը մասնակից է եղել Ջամալ Հաշուքջիի սպանությանը»: Բանաձևը կոչ է անում Դոնալդ Թրամփի վարչակազմին և միջազգային հանրությանը «պատասխանատվության ենթարկել բոլոր կողմերին», ներառյալ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին:
Դրա հեղինակներ են դարձել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեմը, Մարկո Ռուբիոն, Թոդ Յանգը, նաև դեմոկրատներ Դայան Ֆայնշտայնը, Էդ Մարքին և Քրիսթոֆեր Քունսը: