11/12/2018 10:44
Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է Մակրոնի տված խոստումներից
Ֆրանսիացիների մեծ մասը բավարարված է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից, որոնք նա տվել է երկուշաբթի ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ, և հանդես է գալիս բողոքի ակցիաների դադարեցման օգտին, վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որը երեքշաբթի հրապարակել է LCI հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների 78 տոկոսը հավանություն է տալիս հարկերի նվազեցմանը, իսկ 68 տոկոսն՝ ամսական նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելուն: Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված է «դեղին բաճկոնների» շարժման բողոքները դադարեցնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ 45 տոկոսը հանդես է գալիս դրանց շարունակման օգտին: Նշվում է, որ երկրում բուն շարժման պաշտպանության մակարդակը գրեթե չի փոխվել՝ 66 տոկոս:
Միևնույն ժամանակ հարցվածների 50 տոկոսը նախագահի ելույթը համարել է ոչ համոզիչ, իսկ 49 տոկոսը հավատացել է Մակրոնի խոսքին:
Հարցումն անցկացվել է Ֆրանսիայի նախագահի ճառի հեռարձակումից անմիջապես հետո, դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 991 մարդ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան ուղերձով դիմել է ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնավորների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգևավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից: Նաև Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել է ոստիկանների դեմ բռնությունը բողոքների ժամանակ: