12/12/2018 13:20
Ստեփան Գրիգորյան. Ես չեմ ընդունում «ընդդիմություն» տերմինը պառլամենտական համակարգում
Նախորդ ընտրությունների համեմատ աս ընտրություններն ավելի թափանցիկ էին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Աննորմալ էր, երբ վարչապետը չուներ մեծամասնություն Ազգային ժողովում, հիմա նա ստացավ այդ մեծամասնությունը ու դա համապատասխանում է պառլամենտական համակարգերի տրամաբանությանը», - ասաց Ստեփան Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը բավական լուրջ արդյունք է ստացել ընտրություններում։
«23 հազար ընտրող ձայն տվեց, էդ լուրջ արդյունք է՝ հաշվի առնելով, որ կուսակցությունը գրանցվել է նոյեմբերի 8-ին, թեև հավակնություններն ավելին էին։ Քաղաքական դաշտում հայտնվեց ուժ, որն ունի այլընտրանքային մոտեցումներ։ Եթե այդ ուժը հայտնվեր Ազգային ժողովում, շատ լավ կլիներ, որովհետև այդ դեպքում մենք կունենայինք այլ բևեռ Ազգային ժողովում։ Առանձին դեպքերում մեզ մոտ օգտագործում են «ընդդիմություն» տերմինը, պառլամենատական համակարգի համար ես ճիշտ չեմ համարում «ընդդիմություն» տերմինն օգտագործել։ Պառլամետական համակարգի համար ավելի ճիշտ է օգտագործել «այլընտրանք», «այլ բևեռ» տերմինները։ Դա գաղափարախոսական իմաստով կհակակշռեր իշխող ուժին», - հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։