12/12/2018 14:50
«Վարույթ իրականացնող մարմնի մոտ «մեր դեմ խաղ չկա» ֆորմուլան է». Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց
Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով, որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Նա պնդեց՝ Գրիգորյանի նկատմամբ անարդար վերաբերմուն է ցուցադրվում:
«Սրանք ցուցադրական որոշումներ են: Նախկին իշխանության օրոք կար այդպիսի արահայտություն՝ «մեր դեմ խաղ չկա» ու վարույթ իրականացնող մի մարմին մեզ ցուց է տալիս՝ մեր դեմ խաղ չկա, ուզում եք դատարան դիմեք, ուզում եք դատախազին միջնորդություն գրեք, ցանկացած պայմաններում մեր դեմ խաղ չկա ֆորմուլան աշխատում է», - ասաց նա:
Խոսելով Գրիգորյանի առողջական վիճակից՝ փաստաբանը հիշեցրեց, որ երեկ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր. «Ծանր առողջական վիճակի պատճառով նպատահարմար գտանք, որ այսօր չմասնակցի նիստին», - ասաց նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք կդիմեն նաև ՄԻԵԴ:
Մկրտչյանն ընդծեց, որ Գրիգորյանը պատշաճ բուժում չի ստանում, քանի որ նրա առողջական վիճակում բուժումը կալանավայրում հնարավոր չէ ստանալ: Պաշտպանի խոսքով՝ համակարգի բժիշկների վրա որոշակի ճնշում կա, որի արդյունքում նրանք անհրաժեշտ բուժզզնում չեն իրականացնում՝ հայտարելով, թե վիճակը նորմալ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննական մարմինը նոր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան չորրորդ անգամ երկարաձգելու Գրիգորյանի կալանքի ժամկետը: Նրա փաստաբանը Aysor.am-ին տեղեկացրել էր, որ Գրիգորյանը դատարանում միջնորդության ներկայացման քննության ընթացքում իրեն վատ է զգացել, որի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան, բուժօգնություն է ցուցաբերվել։