18/12/2018 16:28
Ինչու են «Լուսակերտ»-ի ներկրած հավկիթները մնացել մաքսատանը. պարզաբանում է Թռչնաբույծների միության նախագահը
Նախօրեին «Լուսակերտ» ՍՊԸ-ի տնօրինությունը հայտարարություն էր տարածել, թե սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՌԴ-ից ՀՀ է ներմուծվել 302.400 հատ հավկիթ, որը մինչ այժմ գտնվում է ՀՀ Բագրատաշենի մաքսային կետում։ Ընկերության տնօրինությանը հայտարարության մեջ նշել է, թե դրանց տեղափոխումը ՀՀ տարածք փաստացի ապօրինի արգելված է ՍԱՊԾ-ի կողմից։
«Այս ամենը անցնում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները։ ՍԱՊԾ ղեկավարը առերևույթ գերազանցում է իրեն վերապահված լիազորությունները, հավկիթի որակը պետականորեն հաստատող ԵԱՏՄ բոլոր հավաստագրերը առկա են։ Տվյալ իրավիճակում ակնհայտ սուտ և զրպարտիչ հայտարարություններով է հանդես գալիս թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, և այդ կապակցությամբ ընկերությունը դիմելու է դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել ընկերությունից, ընկերության բարի համբավը արատավորելու համար», - նշված է «Լուսակերտ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ այդ ընկերությունը, որ զբաղված է թռչնի ձվի արտադրությամբ, չի կարողանում արտադրություն կազմակերպել:
«Չորս անգամ դիմել են ՍԱՊԾ, որպեսզի թույլ տան հավկիթ ներկրել։ Որքան որ ես գիտեմ, ՍԱՊԾ-ն անընդհատ մերժում էր՝ պատճառաբանությամբ, որ թռչնագրիպի պատճառով հնարավոր չէ Ռուսաստանից հավկիթ ներկրել։ Իրենք, փաստորեն, առանց ՍԱՊԾ-ի թույլտվության են ներկրել», - ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ նշելով, որ իրենք ներկրողների հետ բացարձակ կապ չունեն, դրանով ՍԱՊԾ-ն է զբաղվում։
«Մենք տեղական արտադրողների շահերն ենք պաշտպանում», - ասաց միության նախագահը։
«ՍԱՊԾ-ն պատահական արկղերից նմուշառում է արել, որտեղ եղել են արյունոտ և կեղտոտ հավկիթներ։ Վտանգն այն է, որ Ռուսաստանում և Իրանում թռչնագրիպ կա, և ներկրումը շատ վտանգավոր է։ Հիմա իրենք բերել են հավկիթները, մնացել է մաքսատանը։ Տեսել են որ արգելքների են հանդիպում, նոր դիմել են միությանը՝ աջակցություն ստանալու նպատակով։ Բայց քանի որ արդեն կար ՍԱՊԾ-ի հայտարարությունը թռչնի գրիպի և խոզի գրիպի հետ կապված, և կային նմուշառման նկարները, որոնք ՍԱՊԾ-ն ներկայացրեց ինձ, ես երբեք չէի կարող ինձ թույլ տալ համաձայնել, որ այդ հավկիթները մտնեն հանրապետություն, քանի որ շատ ռիսկային է թռչնագրիպի տարածման համար», - ասաց Սերգեյ Ստեփանյանը։
Նա նաև նշեց, որ գոյություն ունի ձվի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգ, որտեղ նշվում է ներկրման պահանջները, որոնք իրենք չեն բավարարել։
«Ինչ վերաբերում է իրենց նշած բարի համբավին, իրենց բարի համբավը կախված է իրենցից, հաճախակի փոխվող սեփականատերերից և տնօրեններից։ Իրենց ձեռքում է իրենց համբավը։ Փոխանակ արտադրություն կազմակերպեն և իրենց համբավը վերականգնեն, ներկրում են էժանագին և կասկածելի որակի հավկիթ», - եզրափակեց Սերգեյ Ստեփանյանը։