Արտահանման ծավալները նվազել են. եթե «Լիդիան Արմենիան» աշխատեր, թիվն այդպիսին չէր լինի. Խոսրով Հարությունյան (Տեսնայութ)
26/12/2018 19:10

Արտահանման ծավալները նվազել են. եթե «Լիդիան Արմենիան» աշխատեր, թիվն այդպիսին չէր լինի. Խոսրով Հարությունյան (Տեսնայութ)

Խոսրով Հարությունյանը համակարծիք չէ պնդումների հետ, որ հանքարդյունաբերությունը պետք է դադարեցնել, քանի որ այն վնասակար է և տնտեսական զարգացման համար մեծ կարևորություն չունի:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանն ընդգծեց, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր ընկերությունների հետ պետք է երկկողմանի աշխատել՝ հասկանալով, թե ինչպես կարելի է անվտանգ դարձնել դրանց գործունեությունը:

Անդրադառնալով ՀԿ-ների կողմից «Լիդիան Արմենիայի» գործունեության վերաբերյալ հնչող կոշտ հայտարարություններին՝ Հարությունյանը նշեց, որ այս մտահոգությունները վերացնելու համար կառավարությունը պետք է հստակ պահանջ դնի՝ անել ամեն ինչ թեկուզ մեկ տոկոս վտանգը վերացնելու դեպքում:

«Եթե որևիցե մեկն ինձ հարցներ՝ Լիդիանի պարագայում ի՞նչ կարելի է անել, կասեի եթե մեկ տոկոս հավանականություն կա, որ ձեր արտադրական գործունեությունը կարող է ընդերքի վրա բացասական ազդեցություն ունենալ, նույնիսկ այս մեկ տոկոս հավանականությունը դուք պետք է հեռացնեք: Ի՞նչ հավելյալ ներդրումներ են անհրաժետ էկոլոգիական ազդեցությունները նվազեցնելու համար, մաքրման կայանների համար, դուք սա անում եք, մենք փոխարենը արտոնյալ հավելյալ պայմաններ ենք դնում ձեզ համար: Սա օգտակար է երկու կողմերին էլ», - նշեց Հարությունյանը՝ հավելով, որ նման համագործակցությունները հնարավորություն են տալիս լուրջ ենթակառուցվածքներ ունենալ և ներդրողների մոտ վստահություն ձևավորել.

««Լիդիանը» մեծ շրջապատ ունեցող ընկերություն է, նրանց հետ զրուցում են, խոսում են, կարծիք են հարցնում: Բազում պոտենցիալ ներդրողներ կհասկանային, որ այս իշխանության հետ կարելի է խոսել»:

Հարությունյանն ընդգծեց, որ ներդրողներին գրավելու համար համագործակցությունների մի քանի դրական օրինակ է հարկավոր. «Հիշում եք՝ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայի գործարարների հետ, Ռուբեն Վարդանյանի հարցադրումն էր՝ բերեք հաջողված պատմությունների օրինակներ»:

Հարությունյանը հավելեց նաև, որ «Լիդիանի» և այլ ընկերությունների նկատմամբ կոշտ վերաբերմունքը, այդ թվում՝ հանքի դեմ պայքարողների կողմից ճանապարհների փակումը, վնասում է տնտեսությանը.

«11 ամսվա ընթացում մեր արտահանման ծավալները նվազել են, դարձել են 9.2 տոկոս, կարծում եմ՝ եթե «Լիդիան Արմենիան» աշխատեր, այդ թիվն այդպիսին չէր լինի», - ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Արտահանման ծավալները նվազել են. եթե «Լիդիան Արմենիան» աշխատեր, թիվն այդպիսին չէր լինի. Խոսրով Հարությունյան (Տեսնայութ)