21/01/2019 14:32
iPhone-ներ հավաքող ընկերության 50 հազար աշխատակից գործազուրկ է դարձել
Apple-ի սմարթֆոններ հավաքող Foxconn ընկերությունը Չժենչժոու քաղաքի գործարանից 50 հազար մարդ է աշխատանքից ազատել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Nikkei-ն:
Դա կապված է iPhone սմարթֆոնների պահանջարկի կտրուկ անկմամբ: Ընդ որում, աշխատանքից հեռացումը սկսվել է սպասված ժամանակահատվածից շուտ: Հավաքման գծի աշխատակիցներին սկսել են հեռացնել 2018 թվականի վերջից, առաջին ալիքը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Apple-ն ամեն անգամ նվազեցնում էր պատվերների ծավալը՝ սպասվածից ցածր մակարդակի վաճառքների պատճառով: Բնականաբար, դա բացասական էր ազդում IPhone-ներ հավաքող ընկերության բյուջեի վրա:
Ավելի վաղ Apple-ի ղեկավար Թիմ Կուկը 2019 թվականի առաջին եռամսյակի համար սպասվող հասույթի կանխատեսումը նվազեցրել էր: Դրա ֆոնին ընկերության արժեթղթերը նվազել էին ավելի քան 9 տոկոսով: