24/01/2019 12:10
Առձեռն վճարված ամենամեծ պարգևատրումը 1,5 մլն դրամ է կազմել. ՊԵԿ նախագահ
Տեղեկատվությունը սուտ է, նման պարգևատրումներ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ դեկտեմբերին ՊԵԿ նախագահը 8 մլն 55 հազար դրամ պարգևավճար է ստացել, տեղակալը՝ 9 մլն 60 հազար դրամ:
Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը չհերքեց՝ պարգևատրվել են բոլոր աշխատակիցները՝ իրենից սկսած մինչև վերջին ծառայողն ու հավաքարարը: Անանյանն ընդգծեց, որ անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքը թույլ չի տալիս անձնավորված տեղեկատվություն հրապարակել, թե որ աշխատակցին որքան է պարգևատրել, իր մասով էլ ասաց, որ այս պահին թվեր չի հրապարակի:
«Եկեք համբերությամբ զինվեք, երբ տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնեմ, կտեսնեք իմ բոլոր թվերը», - ասաց նա:
Հարիցն՝ որքա՞ն է եղել առձեռն վճարված ամենամեծ պարգևատրումը, Անանյանը նշեց՝ 1,5 մլն դրամ, մինչդեռ չմանրամասնեց, թե որ աշխատակցին է այդ չափով պարգևատրել: Ճշտող հարցին էլ՝ ինչի՞ դիմաց է աշխատակիցը նման պարգևատրում ստացել, ՊԵԿ նախագահը հակադարձեց.
«Այդպես եմ ուզել»: