«Լիդիան Արմենիայի» ներդրումային ծրագրի կասեցումը կվնասի ՀՀ գործարար համբավին, հնարավոր է դատական գործընթաց. Արմեն Ստեփանյան
30/01/2019 13:30

«Լիդիան Արմենիայի» ներդրումային ծրագրի կասեցումը կվնասի ՀՀ գործարար համբավին, հնարավոր է դատական գործընթաց. Արմեն Ստեփանյան

Ամուլսարի հանք տանող ճանապարհները հուլիսի 28-ից առ այսօր շարունակում են ապօրինի փակ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:

Նա ընդգծեց, որ ճանապարհների փակ լինելու պատճառով ընկերությունը մեծ կորուստներ է կրել, իսկ աշխատանքից զրկվել է 1300 աշխատակից:

Հարցին՝ հավանակա՞ն է, որ կորուստները փորձեն կառավարությունից պահանջել դատական կարգով, Ստեփանյանն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է»:

Ստեփանյանը նաև նկատեց՝ կասկած կա, որ հանք տանող ճանապարհների փակումը մասամբ ուղղորդված է: «Իսկ թե ում կողմից, թող պատկան մարմինները ուսումնասիրեն», - ասաց նա:

Խոսելով 2018-ին ընկերության կողմից նախատեսված ներդրումների չափի մասին՝ Ստեփանյանը նշեց.

«Մի քանի տասնյակ միլիոն դեռ մնացել էր, որովհետև մենք պատրաստվում էինք տարեվերջին մեր առաջին արտադրանքը տալ: Կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բայց մի քանի տասնյակ ԱՄՆ դոլարի մասին է խոսքը»:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ պետք է նաև հաշվել, թե որքան կորուստ է այս ընթացքում ունեցել ընկերությունը:

«Մենք դեռևս ոչ մի եկամուտ չենք ունեցել: Այս տարիների ընթացքում միայն ներդրել ենք: 400 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար էին ներդրել ՀՀ-ում ու պատրաստվում էինք անցած տարի առաջին եկամուտն ունենալ», - նշեց նա: 

Հարցին, թե արդյոք «Լիդիան Արմենիայի» ներդրումային ծրագրի կասեցումը կվնասի ՀՀ գործարար համբավին, Ստեփանյանն ասաց.

«Միանշանակ: Եթե դուք մտնեք մեր կայք և տեսնեք անունները, որոնք այսօր ֆինանսավորում են մեր պրոեկտը, ձեր հարցի պատասխանը կտեսնեք: Դրանք այն ֆինսանսական հաստատություններն են, որոնք ոչ միայն հանքարդյունաբերության, այլ շատ այլ ոլորտներ են ֆինանսավորում: Շատերը նեղացած են, ներդրումային համբավին, մեր խորին համոզմամբ, վնաս է հասցված: Պետք է օր առաջ դա վերականգնել»: