02/02/2019 14:00
Շիրակի մարզում կործանված ՍՈւ-25 ինքնաթիռի սև արկղի առաջին տվյալները վերծանվել են
Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում կործանված ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 կործանիչի սև արկղի վերծանումից ստացված առաջին պարամետրերը փոխանցվել են քննչական մարմիններին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ քննություն է ընթանում և դրանք հրապարակման ենթակա չեն։
«Վերծանվել է միայն մեկ պարամետր, ինքնաթիռի թռիչքի ժամանակ նման տասնյակ պարամետրեր են գրանցվում։ Քննող մարմինը դիմել է Ռուսաստանի համապատասխան մասնագիտական մարմիններին, տվել է սև արկղի տվյալներն ու ստացել է պարամետրերից մեկն առայժմ։ Սև արկղի վերծանման աշխատանքները շարունակվում են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշել էր, որ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու գործով քննությունը շարունակվում է։
Քննչական խմբի կողմից մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։