04/02/2019 14:13
Աշխատանքից ազատվելու ծանուցագիր ստացած ԵՊՀ 450 աշխատակից սպառնում է բողոքի ցույցով
Արդեն իսկ աշխատանքից ազատման ծանուցում եմ ստացել. ծանուցում ստացել է նաև ԵՊՀ շուրջ 450 աշխատակից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակից Վահրամ Մկրտչյանը՝ հավելելով, որ մարտի 31-ից աշխատանքը կորցնելու խնդրի առջև կանգնած 450 աշխատակցից 200-ը զուտ գիտաշխատող է, մյուսները մայր բուհում աշխատում են համատեղության կարգով։
Նրա խոսքով՝ ազատման ծանուցագրեր ստացել են ոչ միայն ԵՊՀ-ի, այլև՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Մանկավարժական և Ագրարային համալսարանների բազմաթիվ աշխատակիցներ։
Վահրամ Մկրտչյանը նշեց, որ եթե մինչև փետրվարի 7-ը՝ կառավարության առաջիկա նիստի օրը, գործադիրն իրենց խնդրին լուծում չտա, պատրաստվում են մի քանի բուհերի աշխատակիցներով բողոքի ցույց անցկացնել։
«Մեր պահանջն այն է, որ բուհական գիտահոտազոտական լաբորատորիաներում եղած բյուջետային ֆինանսավորումը պահպանվի, այսինքն՝ դա մրցութային չլինի։ Երևանի պետական համալսարանը, Գիտխորհրդի և արհմիության անունից, դիմել է կառավարություն, որպեսզի այդ որոշումը փոխեն։ Այս պահին սպասում ենք այդ որոշման փոփոխությանը։ Եթե չփոփոխվի, մենք հինգշաբթի օրը կգնանք երթի, իսկ եթե փոփոխվի, հինգշաբթի օրվա միջոցառումը չենք անի։ Մեր նպատակը մեր խնդիրները լուծելն է», - նշեց ԵՊՀ աշխատակիցը։
Վահրամ Մկրտչյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակը թյուրիմացության հետևանք է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:
«Հավանաբար, ղեկավարությունը դրամաշնորհն ուզում է անպայման մրցույթի հետ կապել։ Բայց դա դրամաշնորհ կոչվում է պայմանականորեն։ Սա, ըստ էության, դրամաշնորհ չէ, այլ բյուջեից տրվող ուղիղ հատկացում է գիտական լաբորատորաներին։ Քանի որ ԵՊՀ-ն, Պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրամներ են, դրա համար էլ բյուջեի մեջ համապաստախան տողով գրվում է դրամաշնորհների ձևով տրված միջոց։ Բայց նպատակը լաբորատորիաների ֆինանսավորումն է։ Այստեղ բառախաղի հարց է», - ասաց Վահրամ Մկրտչյանը։
ԵՊՀ աշխատակիրցը նշեց՝ բուհի Գիտխորհուրդը, այդ թվում՝ ռեկտորատի անդամները, համակարծիք են աշխատանքից ազատված անձանց հետ և պաշտպանում են վերջիններիս շահերը։
«Գիտխորհուրդը որոշել է, որ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515 որոշումը ենթակա է փոփոխման և չի բխում գիտության շահերից», - ասաց Վահրամ Մկրտչյանը։