12/02/2019 13:20
Ավելի ճիշտ կլինի «անցումային արդարադատության» թեման առաջ տանողը լինի Ազգային ժողովը. Նիկոլ Փաշինյան
Իմ ղեկավարած նախորդ կառավարության ծրագիրը չի դադարել մեր ծրագիրը լինելուց և այդ ծրագրի բոլոր դրույթները, որոնք կիրառելի են, շարունակում ենք համարել մեր ծրագիրը, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վարչապետից հետաքրքրվում էր՝ «անցումային արդարադատության» ապագայի մասին։
Վարչապետն ասաց, թե կառավարության ծրագրի նախագծում չեն գրել, օրինակ, ազատ արդար ընտրություններ անցկացնելու մասին, քանի որ դա կառավարության օրակարգից դուրս ու լուծված հարց է։ Նաև շեշտեց, որ չեն հրաժարվում ընտրական համակարգի բարեփոխումներից։
«Մենք չենք հրաժարվում ոչ մի բանից, բայց ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ դա ավելի շատ խորհրդարանի նախաձեռնությունը պետք է լինի, քան կառավարությանը։ Անցումային արդարադատության հետ կապված էլ, եթե անկեղծ ասեմ, շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ թեմայի առաջ տանողը լինի Ազգային ժողովը և ոչ թե կառավարությունը, որովհետև սա նաև բալանսավորվածության տրամաբանության մեջ է։ Այս պարագայում որևէ շահարկում չի կարող լինել, թե կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել», - արձագանքեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ թեմայով կլինեն հանրային լսումներ։