15/02/2019 17:53
Կառուցողական քննարկում էր. Վիճահարույց օրենքի փոփոխությունները քննարկելու համար հանդիպել են պատգամավորն ու հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչները
Ազգային ժողովի պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը «Գովազդի մասին» օրենքում լրատվամիջոցներին առնչվող փոփոխություններ էր նախաձեռնել, այսօր Ազգային ժողովում հանդիպել է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների ներկայացուցիչներին:
«Բուռն քննարկում տեղի ունեցավ: Բացի այն, որ նրանք առաջարկություններ ներկայացրին, նաև բավական երկար քննարկեցինք հնարավոր ելքերը, լուծումները: Կառուցողական քննարկում էր», - քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավոր Հակոբյանը:
Պատգամավորը, հաշվի առնելով ռադիոների յուրահատկությունները, ընդունել է ռադիոընկերությունների առաջարկությունները՝ այնպիսի ժամերի հեռարձակել գովադզը, որ չվնասի ընկերությանը:
Հիշեցնենք՝ Հրաչ Հակոբյանը օրենքում կատարած փոփոխություններով առաջարկում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գովազդները:
«Այս ամբողջ քննարկման իմաստը դա էր՝ հասկանալու, թե որքան զրկանքներ են կրելու ընկերությունները և այս քննարկման արդյունքներով փորձելու եմ այնպիսի փոփոխություններ անեմ, որ լրատվամիջոցների ֆինանսավորումը չտուժի», - ասաց պատգամավորը: