20/02/2019 10:43
«Աշխարհը կորցրեց հայ ժողովրդի իսկական մարտիկի». ՀԲԸՄ
Փետրվարի 18-ին կյանքից հեռացել է ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երբեմնի նախագահ (1989-2002) Լուիզ Մանուկյան-Սիմոնը` 85 տարեկան հասակում։
AGBU mourns the passing of Louise Manoogian Simone, who served as president from 1989 to 2002. Known as intelligent, outspoken and witty, Louise Manoogian Simone was a pioneer for all Armenians. pic.twitter.com/QIrdYopPAv
— AGBU (@agbu) February 19, 2019
«Մեծ մարդասեր¸ ստեղծագործ մտքի տեր¸ իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն¸ որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության եւ սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները¸ այլեւ օրինակ եւ խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների¸ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում¸ թե՛ Արցախում¸ թե՛ Սփյուռքում», - ասվում է Ռամկավար-ազատական կուսակցության գերագույն խորհրդի տարածած հաղորդագրությունում։
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Լուիզ Մանուկյան-Սիմոնին բնութագրել է իբրեւ «միշտ իդեալիստական, բայց գործնական, արդյունավետ ու իմաստուն, նա կարողացել է տեսնել անմիջական խոչընդոտներից անդին` գտնելու համար լուծումներ, որոնք կարող են բերել տեւական լուծումներ»։
«Աշխարհը կորցրեց հայ ժողովրդի իսկական մարտիկի», - ասված է ՀԲԸՄ գրառման մեջ։
Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ծնունդով Զմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։