21/02/2019 12:51
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է հերթական վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 17 եկեղեցականների հետ:
Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Նորին Սրբությանն է ներկայացրել հոգևոր հայրերին և դասընթացների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ վերապատրաստման այս հավաքները նաև առիթ են Մայր Աթոռում համատեղ աղոթելու և միմյանց միջև եղբայրական ոգին առավել զորացնելու:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել եկեղեցականներին: Վեհափառ Հայրապետը կարևորել է վերապատրաստման դասընթացների անցկացումը՝ հաստատելով, որ այն լավագույն հնարավորությունն է ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հավատքը, հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով, ինչպես նաև կիսվելու հովվական կյանքի փորձառությամբ: Ըստ Հայոց Հովվապետի՝ այս դասընթացները հնարավորություն են տալիս հոգևոր հովիվներին ավելի արդյունավետ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին, նաև համաքայլ ընթանալու գիտության նորագույն նվաճումներին:
Նորին Սրբությունը պատասխանել է նաև հոգևոր հովիվների հարցերին, լսել նրանց դիտարկումները ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան երևույթների և բիոէթիկական խնդիրների վերաբերյալ:
Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթել է ուժ, կորով և Ս. Հոգու առաջնորդությունն իրենց առաքելության արդյունավորման մեջ: