Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին լուրը չի հերքվում
26/02/2019 19:39

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին լուրը չի հերքվում

Երեկ ուշ երեկոյան մամուլում տեղեկություն հայտնվեց Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալության պատճառը վերջիններիս կողմից թույլ տրված չարաշահումներն են եղել: 
 
Թեև լուրի տարածումից շուրջ 20 ժամ է անցել, սակայն Ազգային անվտանգությանն ու Պետական վերահսկողության ծառայությունները որևէ կերպ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են լուրը:
 
Նշենք, որ այսօր առավոտյան Պետական վերահսկողության ծառայության Facebook-յան էջում մի գրություն հրապարակվեց, թե «մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային»։ 
 
Հավանաբար, ՊՎԾ անհասկանալի արձագանքում նշված «խեղաթյուրումը» վերաբերում էր նրան, որ այն աշխատակիցն, ում անունը հիշատակվում էր ձերբակալվածների թվում, հայտարարեց, թե ինքն ազատության մեջ է: Իսկ մյուսների ձերբակալության մասով՝ որևէ հոդաբաշխ մեկնաբանություն այդպես էլ չեղավ:
 
Սրան զգուգահեռ ուշագրավ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որ մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Ավելի ուշ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանն ասաց, որ եղել է ԱԱԾ-ում և բացատրություններ է տվել գնումների գործընթացի՝ մասնավորապես դիալիզի սարքերի ձեռքբերման հետ կապված առաջացած խնդրի կապակցությամբ:
 
Նշենք, որ ՊՎԾ մամուլի պատասխանատուն չի պատասխանում հեռախոսազանգերին:
 
Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, ՊՎԾ աշխատակիցների կամայական միջամտության արդյունքում բուժհիմնարկների գնումների գործընթացում տեղի ունեցած փոփոխության հետևանքով դիալիզի սարքերի գնման մրցույթում հաղթել է ոչ թե մասնագիտացված «Ֆրիզանյուզ»-ը, այլ «Զառշեն» ընկերությունը, որը ըստ տեղեկությունների, կապված է ՊՎԾ պաշտոնյաների հետ:
 
Համադրելով փաստերն ու պետական գերատեսչությունների կողմից պահպանվող լռությունը, կարելի է ենթադրել, որ Պետական վերահսկողական ծառայություն աշխատակիցների ձերբակալության մասին լուրը համապատասխանում է իրականությունը, միայն հասկանալի չէ՝ ինչու է այն գաղտնի պահվում:
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին լուրը չի հերքվում