.jpg)
28/02/2019 19:29
Հայաստանի ոստիկանապետն անհանգստացնող չի համարում գողությունների դեպքերի աճը
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անհանգստացնող չի համարում երկրում գողությունների, հանցագործությունների թվի աճը:
«Ունենք, այո՛, գողությունների դեպքերի աճ ունենք, բայց էն կարգի չէ, որ անհանգստացնի մեզ բոլորիս, և ես կոչով դիմեմ մեր քաղաքացիներին», - այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Օսիպյանը:
Այդուհանդերձ, ըստ ոստիկանապետի, գողությունների աճին զուգահեռ նվազել են անձի դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները, կոռուպցիոն հանցատեսակները:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գողությունների դեպքերի աճը, Օսիպյանը պատասխանեց. «Իրավիճակի փոփոխությունից հետո, հեղափոխությունից հետո ժողովուրդը զգայուն է դարձել. ամեն մի փոքր բան, որ իր հետ կատարվում է, դիմում է ոստիկանություն: Միայն հեղափոխությունից հետո վեց ամսվա կտրվածքով 807 դեպքով ավել քաղաքացիները դիմել են ոստիկանություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:
Գողությունների թվի աճը ոստիկանապետը պայմանավորեց նաև համաներման մասին կիրառված որոշմամբ: Նրա ներկայացրած տվյալներով, համաներումով ազատվածներից շուրջ 58-ը կրկնակի հանցագործություն են կատարել: