.jpg)
28/02/2019 18:57
Վալերի Օսիպյանը տեղյակ չէ՝ երբ Հայաստան կտեղափոխվի Նարեկ Սարգսյանը (Ֆրանկլին Գոնսալես)
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէ՝ ով է այն պաշտոնյան, որին, ըստ մամուլի, Պրահայից զանգահարել է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը և սպառնացել:
«Ուրեմն, ես անկեղծ ասեմ ձեզ՝ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսք գնում: Ինձ որևէ մեկը չի զանգահարել ու որևէ մեկը նման տոնով չի կարող ինձ զանգել ու խոսել: Վստահեցնում եմ ձեզ», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի՝ նույն Ֆրանկլին Գոնսալեսի՝ Հայաստան տեղափոխվելուն, Օսիպյանն ասաց, որ դա կախծված չէ ոստիկանությունից. «Ինչ հնարավոր է, ոստիկանությունն անում է»:
Նկատենք, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու մասին ամիսներ առաջ հայտարարել էր հենց ոստիկանությունը: Ըստ աղբյուրի՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Նարեկ Սարգսյանն անցնում է նախորդ տարի հունիսի 26-ին հարուցված քրեական գործով, որը վերաբերում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելուն, իրացնելուն, պահելուն, փոխադրելուն կամ կրելուն և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելուն կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն: