04/03/2019 14:13
Երևանի քաղաքապետն անձնական որևէ շահագրգռություն չունի Խորենացի 13-ի շենքը քանդելու գործում. Հակոբ Կարապետյան
Ուղղակի ծիծաղելի են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի այն խոսքերը, որ Խորենացի 13 հասցեում տեղակայված Լուսավորության նախարարության շենքը քանդվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական շահագրգռությամբ։ Թույլ տվեք նման մտահանգումներն ավելի մանրամասն չմեկնաբանել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով Սամսոնյանի հայտարարությանը, որ Հայկ Մարությանն այս շենքը քանդելու համար կոնկրետ շահեր ունի։
«Ես որևէ մեկի մտահանգումները, ենթադրությունները, դատողությունները չեմ մեկնաբանում։ Միայն կարող եմ ասել, որ Երևանի քաղաքապետն անձնական որևէ շահագրգռություն չունի Խորենացի 13-ի շենքը քանդելու գործում», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայկ Մարությանը անհիմն մեղադրանքների համար իրավական պատասխանատվության կանչի «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, քաղաքապետի մամուլի քարտուղարը բացասական պատասխան հնչեցրեց։
«Չեմ կարծում, որ քաղաքապետն այդքան ժամանակ ունի՝ անդրադառնալու բոլոր կարծիքներին և դրանց ընթացք տալու», - ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին կազմակերպել քանդման ենթակա շենքի դիմաց, որի ժամանակ ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ իրենք այսուհետ ևս ուշադիր և հետևողական են լինելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետաքրքրության տիրույթում գտնվող, քանդման ենթակա շենք-շինությունների ճակատագրի նկատմամբ:
«Ասում են՝ Հայկ Մարությանն ի՞նչ բիզնես շահ պետք է ունենա, խիստ սխալվում են: Բայց ասեմ, որ հարուստ մարդիկ ավելի շատ են կաշառք վերցնում, օրինակ, 250 հազար դոլար, 150 հազար դոլար, 300 հազար դոլար: Մանիպուլյացիաներին էլ ենք ուշադրություն դարձնելու, ամեն ինչին, ինչը կապված է Հայկ Մարությաննի գործունեության հետ, որովհետև այս վանդալիզմը հաստատ շարունակություն է ունենալու», - ասել էր ակտիվիստը: