04/03/2019 16:07
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Նշենք՝ այս գիշեր հարձակվել են հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա։ Նրա խոսքով՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել են ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին։
Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։