06/03/2019 16:19
Լավ է, որ որևէ մեկը բուհից դուրս չի մնա վարձը մուծել չկարողանալու պատճառով. Գյուրջինյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը խիստ դրական է գնահատում ԱԺ-ի կողմից Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելը, որով ուսանողներին այլևս հնարավորություն է ընձեռվում ուսաման վարձավճարները մուծել ամսական կտրվածքով։
«Հայաստանում այնպիսի սոցիալական վիճակ է, որ ուսանողները դժվարանում են ուսման վարձը միանգամից կամ երկու կեսով վճարել։ Իսկ հիմա այդ բեռը թեթևանում է։ Ճիշտ է, վերջին հաշվով ուսման վարձն ամբողջությամբ պետք է մուծվի, բայց ուսանողի ընտանքը շնչասպառ չի լինի, այդ գումարը մեծ հոգս չի դառնա։ Եթե ուսման վարձն ամիսների միջև կիսվի, նույնիսկ ուսանողը կարող է ինքնուրույն որոշակի գոմար վաստակել և հոգալ այդ ծախսը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Գյուրջինյանը։
Նրա համոզմամբ՝ նոր օրենքը դրական է ընկալվում թե՛ մարդասիրության, թե՛ սոոցիալական լարվածությունը թուլացնելու տեսանկյունից։
«Լավ է, որ որևէ մեկը բուհից դուրս չի մնա վարձը մուծել չկարողանալու պատճառով։ Այսուհետ կթեթևանա նաև նրանց գործը, ովքեր ցանկություն ունեն աջակցելու այս կամ այն անապահով ուսանողին՝ մինչև նա «ոտքի կկանգնի»։
Հարցին՝ արդյոք նախաձեռնությունն ուշացած էր, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահը պատասխանեց հայտնի խոսքերով. «Լավ է ուշ, քան երբեք»։
«Սա երիտասարդների համար շատ կարևոր է։ Մենք չգիտենք, թե այս տարիների ընթացքում նրանցից քանիսը թողեցին համալսարանական կրթությունը և կյանքի այլ ուղի ընտրեցին։ Որ օրենքն այժմ կա, լավ է։ Անշուշտ, եթե ավելի վաղ լիներ, ճիշտ կլիներ, բայց այն ժամանակվա իշխանության տրամադրվածությունը և աշխատելու փիլիսոփայությունն այլ էր, հիմա այլ է։ Հիմա իշխանությունը դեմքով դեպի ժողովուրդն է, որովհետև, ի վերջո, ժողովրդի բերած իշխանությունն է», - ամփոփեց Դավիթ Գյուրջինյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօրվա նիստում ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 2: