14/03/2019 16:52
Հոսանքի տակ հրեցին, վայր ընկա, ոտքս է մի քիչ վնասված, բայց իմ հանդեպ որևէ ուղղորդված բան չի եղել. Նաիրա Զոհրաբյան
Իմ հանդեպ ուղղորդված բռնություն չի եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Ես բախումների ժամանակ երկու կողմերի միջև կանգնեցի, որպեսզի բախում չլինի, հոսանքի տակ հրեցին, ես վայր ընկա, իմ հանդեպ որևէ ուղղորդված բան չի եղել: Ավելին, ոստիկաններն ասացին, որ դուրս գամ, որովհետև այլևս չեն կարողնում իմ անվտանգտությունն ապահովել: Այս պահին դուրս եմ եկել, որովհետև ոտքս մի քիչ վնասված է», - ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ լարված իրավիճակում կորցրել էր կոշիկը, բայց այն գտնվել է:
Նա ընդգծեց, որ այս պահին իրավիճակը բավականին լարված է ու ինքը որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ՝ շարունակում է այնտեղ մնալ երկու խնդրով՝ բռնությունը բացառելու և խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման: Քաղաքացիներն ահազանգել էին, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում, որից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը եկել էին ցուցարարներին տեսնելու: