18/03/2019 12:11
Օպերայի շենքի տարածքը սրճարաններից ազատագրելու որոշումը շատ դրական եմ գնահատում. ճարտարապետ
Օպերայի շենքի տարածքը սրճարաններից մաքրելու Երևանի քաղաքապետարանի որոշումը շատ դրական եմ գնահատում։ Մայրաքաղաքի այդ հատվածը դեռ շատ վաղուց պետք է ազատագրված լիներ «օկուպացիայից» և կանաչապատվեր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ճարտարապետներ միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ հաջորդ քայլով սրճարաններից պետք է մաքրել նաև Օղակաձև զբոսայգու տարածքը։
«Քաղաքապետարանը շատ ճիշտ որոշում է կայացրել։ Սա Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի արժեքը բարձրացնելու ևս մեկ քայլ է։ Այդ տարածքը վերջապես պետք է համապատասխանի իր նշանակությանը։ Որոշ ժամանակ հետո, երբ այն սրճարաններից ազատված կլինի, երևանցիները կտեսնեն, թե դա ինչքան լավ բան է, այլապես Ազատության հրապարակում շինությունները շատ խիտ էին, տարածքը խիստ գերհագեցած էր», - ասաց ճարտապետը՝ ընդգծելով, որ վերջնական արդյունքում պետք է ապամոնտաժվեն Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանները։
Մկրտիչ Մինասյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարիներով սեփականշնորհելով կամ վարձակալելով այս կամ այն տարածքը՝ սրճարանատերերը նույնիսկ չեն շահագործում ըստ նշանակության, ինչի արդյունքում այն վեր է ածվում աղբավայրի։
«Խոսքը, մասնավորապես, Օղակաձև զբոսայգու մասին է։ Գնացեք՝ նայեք։ Ես չգիտեմ, թե որ թվին վերցրել են, անխնամ թողել, սարքել են աղբանոց։ Իհարկե, այնտեղ գտնվող սրճարանները ևս պետք է ապամոնտաժվեն։ Գնացեք՝ տեսեք, թե այդ այգում տեղակայված արձանների շրջակայքում ինչ է կատարվում՝ նույն Արմեն Տիգրանյանի, Անդրանիկի արձանների մոտ։ Ոչ մի քաղաքում նման «օկուպացիա» չի եղել։ Որ քաղաքն ուզում եք՝ գնացեք՝ մեր չսիրած Բաքուն կամ մեր սիրած Թբիլիսին, Մինսկը գնացեք։ Ոչ ոք այնպիսի բան չի անում, ինչ մենք ենք անում», - ասաց ՀՀ ճարտարապետներ միության նախագահը։
Անդրադառնալով մայրաքաղաքի բնակելի շենքերի տանիքներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) ապամոնտաժման հնարավոր քայլին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ սեյսմակայունության տեսանկյունից դրանք չափազանց վտանգավոր են։
«Մանսարդներ կառուցելով՝ բազմաթիվ շենքեր ենք աղավաղել, բացի աղավաղելուց՝ դրել ենք վտանգի տակ, որովհետև Երևանը տեղակայված է սեյսմիկ գոտում։ Ժամանակին մարդկանց թույլ են տվել շատ թեթև կառույցներով ինչ-որ բան անել, մինչդեռ նրանք այդ կառույցները նմանեցրել են նախորդ հարկի հիմնական կառույցին՝ հաստ պատերով։ Բայց ո՞վ է նրանց նման բան թույլ տվել։ Սա ակնհայտ ինքնագործունեություն է, շենքերը շատ վտանգավոր վիճակում են։ Մարդկանց կյանքը վտանգող մանսարդներն, իհարկե, պետք է քանդել։ Միաժամանակ, մինչև ձեղնահարկերն ապամոնտաժելը պետք է ուսումանսիրություններ կատարվեն», - ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում մեկնարկել է սրճարանների ապամոնտաժման գործընթացը։