19/03/2019 14:48
Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է. Նիկոլ Փաշինյան
Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է վերջապես ՀՀ առաջին տիկիnն՝ իր, թե նախագահ Արմեն Սարգսյանի կինը։
«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ սա ինչ քննարկում է՝ Հանրապետության առաջին տիկնոջ, Հանարապետության առաջին տղամարդու։ Նման քնարկումներ կան։ Մի ժամանակ էլ քննարկում կար... Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկում ենք սկսել։ Սա ի՞նչ թեմա է ընդհանրապես», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով` մեր իրականության մեջ նաև նոր խորհրդանիշ է հայտնվել՝ վարչապետին սպասարկող ուղղաթիռը։
«Այդ ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Սա նշանակում է հետևյալը. որպեսզի այդ տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել, գալ», - ասաց նա։
Անդրադառնալով ներկայումս իրեն սպասարկող ծառայողական մեքենային՝ վարչապետը նկատեց, որ այն 2008 թվականին գնվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկելու համար, սակայն վերջինս վերջին 3 տարիներին չի օգտագործվել, քանի որ համարվել է ոչ պիտանի։
«Կա նաև BMW ավտոմեքենա, որը գնվել է 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի համար։ Հիմա հեծանիվով եմ գնում աշխատանքի, ասում են՝ վայ հեծանիվով է գնում, ոտքով եմ գնում՝ ասում են՝ պոպուլիստ է», - կեսկատակ նկատեց գործադիրի ղեկավարը։