Նախատեսվում է ապագայում ունենալ մինչև 600 մեգավատ հզորության նոր միջուկային էներգաբլոկ. Արտեմ Պետրոսյան (Տեսանյութ)
20/03/2019 12:06

Նախատեսվում է ապագայում ունենալ մինչև 600 մեգավատ հզորության նոր միջուկային էներգաբլոկ. Արտեմ Պետրոսյան (Տեսանյութ)

Ատոմակայանը Հայաստանի Հանրապետության համար մեծ նշանակություն ունի, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը:

«Ատոմակայանի կանգառից հետո 90-ականներին էներգետիկ ճգնաժամ ունեցանք, որի հետևանքով բնակչությունն առանց էլեկտրաէներգիայի մնաց, Սևանա լճի մակարդակը նվազեց և ատոմակայանի վերագործարկումից հետո հնարավոր եղավ դուրս գալ էներգետիկ ճգնաժամից», - ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ ներկայում շարունակվում են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները, և դրանց զուգահեռ նախատեսվում է ապագայում բարձրացնել միջուկային էներգաբլոկի հզորությունը:

«Այսօրվա գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ: Անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ և տեսնել՝ ինչ կլինի», - ասաց նա:

Կարևորելով այսօր Երևանում անցկացվող «Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները» պանելային քննարկումը՝ Պետրոսյանն ասաց, որ միջոցառումը համախմբել է ոլորտի մասնագետներին, որոնք կքննարկեն ոլորտի զարգացման հնարավոր տարբերակները:

Քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:

Նախատեսվում է ապագայում ունենալ մինչև 600 մեգավատ հզորության նոր միջուկային էներգաբլոկ. Արտեմ Պետրոսյան (Տեսանյութ)