21/03/2019 14:20
Մեղադրանքը չեմ ընդունում և դատական կարգով վիճարկելու եմ. Դավիթ Սանասարյան
Առաջինը, ինչի հետ ես համաձայն չեմ, նախ, պետք է վարույթ չհանձնվեր, բայց ուրախ եմ, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, և ես ամեն կերպ կնպասեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլև մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տարածած հայտարարությանը, որի համաձայն ինքը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։
«Ուզում էի տեսնել՝ հանձաժողովը քանի վարույթ է ընդունել։ Փորձեք հետաքննություն անել և կտեսնեք, որ նախկինում այդ կառույցը չի գործել։ Մի քանի պաշտոնյայի վերաբերյալ վարույթ է եղել։ Արամ Սիմոնյանի շնորհիվ սկսեց գործել։ Մեղադրանքը որևէ կերպ չեմ ընդունում և դատական կարգով վիճարկելու եմ», - հայտարարեց Սանասարյանը։
Դիտարկմանը, որ իր գլխին սև-մութ ամպեր են կուտակվում, պաշտոնյան նկատեց, որ խոսակցությունների համաձայն՝ իր գլխին 11 տարի շարունակ ամպեր են կուտակվում, սակայն դա իրեն չի անհանգստացնում։
Հարցին, եթե դատարանը որոշի, որ Էթիկայի հանձնաժողովը ճիշտ է, ինքն ի՞նչ կանի, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ ինքը հետևություններ անում է նաև քննադատությունների արդյունքում, բայց այնուամենայնիվ, հիմնավորում ունեն, որ վարույթը չպետք է հարուցվեր։
«Այս ամենը շատ նորմալ է։ Եթե անգամ դատարանն էլ որոշի, որ էթիկայի խախտում եմ արել, ես հետևություն կանեմ»,- ասաց Դավիթ Սանասարյանը։
Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է հրապարակել, որի համաձայն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։
Ըստ որոշման՝ իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Որոշումը Սանասարյանը կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։