22/03/2019 16:57
Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքներ ճանաչելու մասին հայտարարությունից հետո տարածաշրջանում մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա. քաղաքագետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքներ ճանաչելու մասին հայտարարությունից հետո, տարածաշրջանում մեծ փոփոխություններ, բնականաբար, տեղի չեն ունենա, որովհետև այդ երկրի դիրքորոշումն Իսրայելի հանդեպ փոփոխության չի ենթարկվել։ Երկու երկրների միջև ռազմաքաղաքական-դաշնակցայի հարաբերություններ են, Իսրայելի խնդրանքով Միացյալ նահանգները Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Միացյալ նահանգների դիրքորոշումը նորություն չէ տարածաշրջանային խաղացողների համար, այնպես որ Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքներ ճանաչելու ԱՄՆ-ի հայտարարությունը աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական տեսանկյունից ազդեցություն չի ունենա։ Սիրիան որևէ բան չի կարող անել, որովհետև իրականում իրավիճակն այնպիսիսն է, ինչպիսին կա», - ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով տարածաշրջանում իրանական գործոնին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Իրանի դերակատարության նվազեցումը Իսրայելի և Միացյալ նահանգների համար ռազմավարական նշանակության խնդիր է։
«Սա երկու երկրների համար շարունակական բնույթ կրող աշխատանք է, և այդ շարունակական աշխատանքը Միացյալ նահանգներն ու Իսրայելը տանելու են առաջ, քանի որ Իրանին համարում են իրենց թիվ մեկ թիրախը։ Երկու երկրների ամբողջ քաղաքականությունը կառուցված է հենց այս թիրախը թուլացնելու վրա։ Սա Իսրայելի ֆիզիկակական անվտանգությունն ապահովվելու նատակ հետապնդող քայլ է», - ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եկել է ժամանակը Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մի մասը:
Նա նշել է, որ դրանք չափազանց կարևոր և ռազմավարական նկանակություն ունեն, ինչպես նաև մեծ կարևորություն ունեն իսրայելական պետության և տարածաշրջանային անվտանգության համար:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Գոլանի բարձունքներում հրեական պետության ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության համար:
Գոլանի բարձունքները մինչ 1967 թվականն ընդգրկված են եղել Սիրիայի կազմում: 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ տարածքն անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին պատերազմում տարածքների մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։