29/03/2019 19:09
Մշակութային եղեռնի ավանդույթներ ունեցող Թուրքիան կարող է արհամարհել ՅՈՒՆԵՍԿՕ-ին. թուրքագետ
Քանի որ Թուրքիան մշակութային եղեռն իրականացնող երկիր է և Օսմանյան կայսրությունից ժառանգած այդպիսի «հարուստ» ավանդույթներ ունի, չի բացառվում, որ արհամարհելով ՈՒՆԵՍԿՕ-ի կոչերը, Սուրբ Սոֆիայի տաճարը մի օր իսկապես վերածի մզկիթի։ Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով միջազգային այդ կառույցի հայտարարությանը, որ տաճարի կարգավիճակի փոփոխության հետ կապված ցանկացած քայլ պետք է համաձայնեցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ և դրվի ընդհանուր քվեարկության:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր օրենքներ և չափորոշիչներ Թուրքիայում բազմիցս խախտվել են և խախտվում են։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցն իր մեջ հստակ քաղաքական խնդիր է պարունակում։ Այն երկու անգամ փոխել է իր կարգավիճակը՝ եկեղեցուց դառնալով մզկիթ, այնուհետև՝ թանգարան՝ երկու կրոնների հետևորդների համար։ Մշակութային այս ժառանգությունը, սակայն, մշտապես կարևոր դեր է ունեցել ներքաղաքական և ներհասարակական զարգացումներում։ Սուրբ Սոֆիայի տաճարը խորհրդանիշ է՝ իսլամի՝ քրիստոնեության նկատմամբ և թուրքական մյուս հաղթանակների», - նշեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ հայտարարելով տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՏԻՄ ընտրություններից առաջ ջանում է դեպի իր կողմը գրավել իսլամամետ զանգվածին։
«Սա նախընտրական քարոզչական քայլ է։ Չեմ բացառում, որ թուրքական իշխանություններն արհամարհեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգուշացումները և անեն իրենց ձեռնտու քայլ։ Միգուցե ՏԻՄ ընտրություններից հետո թեման մի փոքր սառի։ Չմոռանանք, որ Անիի Մայր տաճարը ևս գրանցված է որպես մզկիթ և նույնպես թիրախ է ազգայնամոլների համար։ Տարբեր առիթներով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից, այս կամ այն երկրի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստ և այլն, թուրք ազգայնականները հայկական տաճարում իրենց ծիսակարգերն են կատարում, մահմեդական աղոթք իրականացնում։ Ուրեմն, կարող ենք փաստել, որ Հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիները թուրքական պետության և հասարակության թիրախն են։ Զուգահեռներն ակնհայտ են», - ամփոփեց թուրքագետը։