Գլխավոր դատախազը հնարավոր է՝ ներկա գտնվի Մարտի 1-ի գործով դատավարությանը (Տեսանյութ)
29/03/2019 14:58

Գլխավոր դատախազը հնարավոր է՝ ներկա գտնվի Մարտի 1-ի գործով դատավարությանը (Տեսանյութ)

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հնարավոր է, որպես պետական մեղադրող՝ ներկա գտնվի Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյաների դատավարությանը: 
 
«Ամեն բան հնարավոր է», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ գլխավոր դատախազը մասնակցի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարությանը:
 
Անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ու ընդհանրապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե քրգործը բացահայտված է՝ Դավթյանը դժվարացավ նման հստակ գնահատական տալ և նշեց, որ կան իրավական ընթացակարգեր, որոնք պետք է իրականացվեն:
 
Արձագանքելով Քոչարյանի պաշտպանական խմբի այն դժգոհություններին, որ քրեական գործին ծանոթանալու համար իրենց պատշաճ ժամանակ հատկացված չէ, Գլխավոր դատախազն ասաց, որ իրենք, տրամադրելով 50 օրացույցային օր, հաշվի են առել փաստաբանների փորձառությունը:
 
«Այստեղ իրավական առումով գերխնդիրը ոչ թե տեխնիկապես ամեն պաշտպան քանի էջ կարող է կարդալ, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի իրավական պաշտպանությունը», - նշեց Դավթյանը:
 
Հարցին, թե շատերը պնդում են, թե «քրեական գործը ջուր է», հիմքերը ամուր չեն, գլխավոր դատախազը պատասխանեց. «Պարզ է, չէ՞, որ պաշտպանը չպետք է ասի՝ ինչ հիմնավոր մեղադրանք է: Պարզ է՝ մեղադրանքի կողմն էլ գտնում է, որ իր փաստարկները շատ ուժեղ են: Դրա համար էլ ստեղծվել է մեխանիզմ, որ դատարանում բոլոր կողմերը ներկայացնեն իրենց փաստարկները»:
 
Մանրամասն՝ տեսանյութում

Գլխավոր դատախազը հնարավոր է՝ ներկա գտնվի Մարտի 1-ի գործով դատավարությանը (Տեսանյութ)