30/03/2019 11:29
Boeing 737-ը չնախատեսված վայրէջք է կատարել գարշահոտության պատճառով
United Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վաշինգտոնի օդանավակայանում անտանելի գարշահոտության պատճառով, հայտնում է Fox News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Boeing 737 ինքնաթիռում, որը Վաշինգտոնից Սան Ֆրանցիսկո էր ուղևորվում։ Վայրէջքից հետո ինքնաթիռին սպասում էին փրկարարները, քանի որ մի քանի մարդկանց բժիշկների օգնություն էր պետք։ Արդյունքում՝ յոթ մարդ հիվանդանոց տեղափոխվեց։
Ուղևորներից մեկը պատմել է, որ գարշահոտությունը հիշեցնում էր «վառելիքի հոտ», և այն ավելի ուժեղացավ, հենց ինքնաթիռն օդ բարձրացավ։
Նրա խոսքով՝ որոշ ուղևորներ դժգոհում էին շնչառության հետ կապված խնդիրներից և անգամ կրծքի շրջանում առաջացած ցավից։ Նա նաև ավելացրել է, որ ուղևորափոխադրողը խոստացել է ծածկել տուժածների բուժօգնության ծախսերը։