03/04/2019 18:07
Հայաստան եմ ժամանել հայկական մեդիա դաշտին ավելի լավ ծանոթանալու համար. Ադամ Քարթներ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է U.S. Agency for Global Media («Գլոբալ մեդիա») կազմակերպության տարածքային տնօրեն Ադամ Քարթներին և Ամերիկայի ձայն գործակալության հայկական ծառայության ղեկավար Ինեսա Մխիթարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ հեռուստատեսությա և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են կողմերի միջև համագործակցության տարբերակները:
Ադամ Քարթները նշել է, որ Հայաստան են ժամանել հայկական մեդիա դաշտին ավելի լավ ծանոթանալու համար: Նա նշել է, որ երկրում իրականացվող արմատական փոփոխությունները հիմքեր են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար:
Տիգրան Հակոբյանը, ողջունելով «Գլոբալ մեդիա» ընկերության համագործակցության պատրաստակամությունը, նշել է, որ այն խնդիրները, որոնք կանգնած են այսօր Հայաստանի վերգետնյա հեռարձակողների առջև, և որոնց լուծման համար արդյունավետ կլիներ ծանոթանալ ԱՄՆ կարգավորող մարմնի գործունեությանը և օրենսդրական կարգավորմանը:
Կողմերը որոշել են մշակել համատեղ սեմինարների, դասընթացների կազմակերպման ծրագիր, որոնց կմասնակցեն ամերիկյան մասնագետներ: