.jpg)
Ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, թու, թու, թու. Ֆելիքս Ցոլակյան
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Թու, թու, թու», - կատակեց նախարարը։
Նա նշեց, որ մայիս-ապրիլ ամսվա տեղումների քանակը ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում:
«Սևանա լիճը այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով, անցած տարվա համեմատ, պակաս է և դա նորմալ երևույթ է, քանի որ պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր և հալքը եղել է, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչև հունիս», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին՝ նախարարը նշեց, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95 տոկոս լցվածություն:
«2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաև ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով՝ այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90 տոկոս», - ասաց նա:
Ցոլակյանն ընդգծեց, որ ջրամբարների պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի, վարչապետն էլ ասաց, որ այդ հարցը քննարկման տիրույթում է:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե այս տարի գյուղատնտեսության համար 99 տոկոսով բարենպաստ տարի է։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ արձագանքեց, որ երեկ Կեչուտի և Արփա-Սևան թունելի միջոցով ջուր տեղափոխման աշխատանքի մեկնարկին է ներկա եղել և դա թույլ կտա տասն օրվա ընթացքում համապատասխան ջրի առկայության պարագայում մեկ սանտիմետրով բարձրացնել Սևանի մակարդակը, թեև այդքան ջուր չեն ունենա: