08/04/2019 14:04
Փոփոխություն ի շահ վարորդների. Սեղմված գազը խմ-ի փոխարեն կգ-ով վաճառելու մասին նախագիծն ընդունվեց. գազի գինը չի բարձրանա
Ազգային ժողովն այսօր 103 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում էր գազալցակայաններին։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ԱԺ արտահերթ նիստում օրինագիծը ներկայացնելով, տեղեկացրեց, որ իրենք առաջարկում են փոփոխել ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորը։
Պաշտոնյայի ներկայացմամբ, մասնավորապես, Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազը որպես հարկման օբյեկտ չափվում է խորանարդ մետրով։ «Սա որոշակի անհարմարություններ է ստեղծում գործնականում, այն առումով, որ ավտոգազալիցքավորման ճնշակայանները (ԱԳԼՃԿ) սեղմված բնական գազը իրենց մատակարարից ստանում են ԿԳ-ով։ Սակայն հաշվի առնելով, որ ակցիզային հարկով հաշվառում վարելու համար ստիպված են իրացման ծավալները հաշվառել խորանարդ մետրով, արհեստական միջամտություն ենք կատարում հաշվառման համակարգին ու կգ-ից անցում են կատարում խորանարդ մետրի՝ կիրառելով համապատասան գործակից», - նշեց Արման Պողոսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ներկայիս իրավիճակը ռիսկային էր սպառողների շահերի պաշտպանության ու գազը թերակշռելու առումով։
Այժմ կառավարությունն առաջարկում է ԽՄ չափման միավորը դարձնել ԿԳ, և այդ փոփոխությունը, ըստ կառավարության ներկայացուցչի, կատարել գիտականորեն ընդունելի խտության գործակցով՝ 0.717։ Օրինագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։
Քննարկման ժամանակ պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց՝ արդյոք այս փոփոխությունը ի շահ գազ օգտագործող վարորդների է և նրանք կկարողանա՞ն ավելի շատ վազք կատարել ձեռք բերված վառելիքով։
«Վստահաբար կարող եմ ասել, որ առաջարկվող օրինագծի ընդունումը ուղակիորեն պաշտպանելու է սեղմված բնական գազով մեքենաները շահագործող քաղաքացիների իրավունքներն ու շահերը, քանի որ առաջարկվում է ընտրել վերահսկելի, տեսանելի չափման միավոր։ Այս դեպքում սպառողն ավելի մեծ վստահություն ունի, որ ձեռք է բերում իր կողմից կատարված վճարմանը համապատասխանող սեղմված բնական գազ», - պատգամավորին արձագանքեց փոխնախարարը։
Ավելին, ըստ կառավարության պաշտոնյայի, տնտեսվարողների համար այս փոփոխությունը հարկային բեռի ավելացում չի նախատեսում և նրանք իրենց ունեցած սարքավորումներով կարող են աշխատել։
Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի վաղը՝ ապրիլի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում։