Գագիկ Ծառուկյանը ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված վիճակի մեջ մեղադրում է Բաբկեն Թունյանին (Տեսանյութ)
16/04/2019 10:44

Գագիկ Ծառուկյանը ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված վիճակի մեջ մեղադրում է Բաբկեն Թունյանին (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Արարատ ցեմենտ» գործարանում կատարվածը ինչ-որ մեկի անձնական շահերի արդյունքն է համարում։ 
 
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները ընդդեմ աշխատատեղերի կրճատման բողոքի ակցիա են իրականացնում։
 
«Հիմնական պատճառը հանձնաժողովն է (նկատի ունի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ հեղ.)։ Խնդիրը քննարկվել էր Էկոնոմիկայի նախարարի հետ և որոշվել էր տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա։ Մենք էլ մեր կողմից 50 հազար դրամը սարքել էինք 40 հազար դրամ, որ պահանջարկը մեծ լինի, իսկ այսօր, չգիտեմ՝ ով, ինչ անձնական շահերից ելնելով, հանձնաժողովում որոշում է՝ թող էդքան ընտանիք չաշխատի, կլինկերի (ցեմենտի հումքի) վրա տուրք չդրվի։ Հենց կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծասխերի 90 տոկոսն է», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը։
 
Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։
 
Ծառուկյանի կարծիքով, նման առաջարկ ներկայացնողները անձնական շահեր են հետապնդում։
 
«Պրովոկատորներ են ուղարկում ցեմենտի գործարան, որ նրանք ընդհանրապես գործ չունեն։ Ասում են՝ ինչի ես եկել, ասում է՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ։ Ցեմենտի գործարանի աշխատողի շահերը, համապատասխան, վարչապետը պաշտպանում ա, սեփականատերը պաշտպանում ա, պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից, որ սա անընդունելի ա։ Եթե այսօր հանձնաժողովը որոշում է կայացրել, որ պետք է կլինկերը հարկվի, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, ո՞րն է խնդիրը։ Կառավարությունը հանձնարարել ա, հարցը լուծված ա, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, ներկա կլինեք, կտեսնեք քննարկումները», - նշեց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ իրենք որոշ ընդառաջ քայլեր են կատարել՝ նպաստելու երկրում տնտեսական հեղափոխությանը։
 

Գագիկ Ծառուկյանը ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված վիճակի մեջ մեղադրում է Բաբկեն Թունյանին (Տեսանյութ)