.jpg)
16/04/2019 12:39
Որևէ քաղաքական ուժի ծառայություն չեմ մատուցել, դրա համար էլ որևէ մեկից որևէ բան չեմ ակնկալում. ՍԴ դատավորի թեկնածու
Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ունենա հանրային իրավունքի. և մասնավորապես, սահմանադրական իրավունքի ոլորտի հատուկ գիտելիքներ, այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը։
Ներկայացնելով Սահմանադրական դատավորի անձի վերաբերյալ իր պատկերացումները՝ Հովհաննիսյանն ասաց, որ ՍԴ դատավորը հրաշալի իրավաբանական գիտելիքներ պետք է ունենա ու նրա արժեհամակարգում արդարությունը պետք է գտնվի ամենաբարձր աստիճանի վրա։
«Դատավորը պետք է ունենա հրաշալի իրավաբանական գիտելիքներ ու ճիշտ կիրառի Սահմանադրությունն ու Հայաստանի օրենքները։ Բացի այդ, դատավորը պետք է լինի իր էությամբ անկախ և համարձակ մարդ, որը կարող է արհամարել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել օբյեկտիվ և արդար վճիռ ցանկացած պարագայում», - հայտարարեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ՍԴ դատավորի քաղաքական ուղղվածություն ունենալ-չունենալուն՝ Հովհաննիսյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորի համար քաղաքական չեզոքությունն անհրաժեշտ է, ինչը պահանջում է հայաստանյան օրենսդրությունը։
«Անդրադրադառնալով իմ անձին՝ կարող եմ ասել, որ ես երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել, երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, մտադիր էլ չեմ զբաղվելու, երբեք քաղաքական որևէ ուժի ներկայացուցչի ծառայություն չեմ մատուցել, ծառայություն չեմ ստացել, դրա համար էլ որևէ մեկից որևէ բան չեմ ակնկալում ու որևէ մեկին որևէ բան պարտք չեմ», - հավելեց թեկնածուն։
Նա ասաց, թե գիտի՝ Հայաստանում դատարանների նկատմամբ վստահության պակաս կա և հենց այդ պատճառով էլ ցանկանում է իր օրինակով ապացուցել, որ ՀՀ-ում դժվար չէ լինել անկախ ու օբյեկտիվ դատավոր։