Միհրան Պողոսյանի առանձնատնից ու նախկին գրասենյակից կատարվել են առգրավումներ
18/04/2019 15:56

Միհրան Պողոսյանի առանձնատնից ու նախկին գրասենյակից կատարվել են առգրավումներ

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվել է խուզարկություն, կատարվել են առգրավումներ, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում այսօր իրականացվել է խուզարկություն», - տեղեկացրեց նա։

Մեր հարցին, թե ի՞նչ է մասնավորապես առգրավել ՀՔԾ-ն նախկին պատգամավորի առանձնատնից ու գրասենյակից, ՀՔԾ խոսնակը չպատասխանեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիության սկզբունքը։

Միհրան Պողոսյանի գրասենյակն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, թե «ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն»։ 

Ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։

Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
 

 

Միհրան Պողոսյանի առանձնատնից ու նախկին գրասենյակից կատարվել են առգրավումներ