19/04/2019 12:12
Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով. սպասվում է ձյուն
Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։
Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հզորությունը կարող է հասնել 20-25սմ և ավելի»,- գրել է Գագիկ Սուրենյանը։