19/04/2019 13:16
Հայկ Գևորգյանը առաջարկում է «Արարատ ցեմենտի» գործարանում աուդիտ անցկացնել
Այսօր Ազգային ժողովում ցեմենտի ներկրման տուրքը 22 հազար դրամ դարձնելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ «Արարատ ցեմենտ» գործարանին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին մեղադրանքներին:
«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուց: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով ինչպես 17 տարի առաջ 200 հազար դոլարով ձեռք բերեց «Արարատ ցեմենտ» գործարանը, այն դեպքում, երբ կային 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:
Ժանրի կանոններով պետք է ներկայացնեի «Արարատ ցեմենտի» վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թվականին վճարել է 800 միլիոն դրամ հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 միլիարդ դրամ: Հիմա ժանրի կանոնների համաձայն, պետք է հարցնեի. 60%-անոց ստվե՞ր էր դա, թե՞ ոչ:
Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ «Արարատ ցեմենտի» արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26 հազար դրամով, Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60 հազար դրամով: Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև մրցակցություն կա: Այնտեղ վաճառվում է կրկնակի էժան ու ժանրի կանոններով պետք է հարցնեի, թե իրականում ո՞վ է ժողովրդի թշնամին», – ասաց Հայկ Գևորգյանը:
Պատգամավորը նկատեց, որ պետական տուրք պետք է սահմանել, դա անհրաժեշտ է, քանի որ ցեմենտի տեղական արտադրությունը աճում է, իսկ ներկրումն էլ վնասում է տեղական արտադրությանը։
Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկել է 22 հազար դրամ պետական տուրք ներկրման համար։
Իշխանական պատգամավորը նշեց, որ հնարավոր է՝ առաջարկվող պետական տուրքը ավելի է, բայց դա հստակ իմանալու համար անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրություն իրականացնել ու ներկայացրեց առաջարկություն.
«Ես առաջարկում եմ, որ հենց «Արարատ ցեմենտ» գործարանը համաձայնի, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ միասին աուդիտ անցկացնել և որոշել, թե ինչքան պետք է լինի տուրքը»։