22/04/2019 12:53
Խորհրդարանը քննարկում է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու նախագիծը
Խորհրդարանը քննարկում է «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը:
Հարցով հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվելու է ստացված վնասվածքի պատճառով զոհված կամ մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձանց կամ այն անձանց, որոնց առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանության վնաս:
Թե աջակցության ինչ ձևի մասին է խոսքը, Լենա Նազարյանը չմանրամասնեց՝ նշելով, որ այս մասով քննարկումներ կլինեն կառավարությունում:
«Այս տարի մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն հայցեց բոլոր զոհերի հարազատներից, տուժածներից և անարդարության բախված բոլոր քաղաքացիներից, այժմ ԱԺ հերթն է, որ ընդունենք և ճանաչենք բոլոր տուժածների տառապանքը և դրանով վերահաստատենք պետության դերը որպես քաղաքացիների՝ քաղաքական, քաղացիական իրավունքների, ազատությունների և ժողովրդավարական արժեքների երաշխավոր», - ասաց Նազարյանը:
Նրա խոսքով՝ նախագծով քայլ է արվում դեպի հանրային համերաշխություն. «Հասկանալի է, որ նախագծով չենք հատուցում այն կորուտսները, որ մարտի 1-ին կրել են քաղաքացիները, մենք չեն վերադարձնում առողջություն կորցրածներին, չենք ամոքում զոհեր ունեցած ընտանիքների ցավը, սակայն սա քայլ է հանրային համերաշխության հաստատման համար: Ցավոք սրտի, արձանագրեմ, որ նախկին կառավարության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած: Եղել է խիստ կողմնակալ մոտեցում», - ասաց ԱԺ փոխնախագահը: