23/04/2019 11:33
Եթե բնակիչները դեմ են այդ լուծմանը, չի նշանակում, որ պետք է թողնենք փլատակների տակ. Խաժակյանը բարձրացրեց 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը
Քննարկվեց մի բան, որ ինչպես Դուք եք ասում, ամբողջ աշխարհը գիտեր, բայց հրատապության ռեժիմով օրակարգ մտավ աղբահանության մասին հարցը, Երևանի ավագանու նիստում դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Երբ առարկություններ ենք ներկայացնում, ասում են չեք թողնում այս գործն այսպես անենք, չեք ուզում որ այդ հարցը լուծվի։ Բնականաբար, կան հարցեր, որոնք ավելի մանրամասն քննարկվել են, բայց ես ուզում եմ 3 հասցե ասել. Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10, Արզումանյան 10 և 17, Նազարբեկյան 48։ Այս հասցեների հետ կապված հարց է հնչել և մենք ակնկալել ենք ձեր հետևողականությունը այս խնդիրների լուծման կապակցությամբ։ 6 ամիս անցել է, մենք ձեզնից լսում ենք միայն դիտարկումներ, որ շուտով կլինի, համաձայնությունը ձեռք ենք բերել, բայց այդ շենքերը շարունակում են նույն վիճակում մնալ», - ասաց Դավիթ Խաժակյանը։
Նա նշեց, թե քաղաքային իշխանություններից և գործադիր մարմնից արդյունք են ակնկալում։
«Եվ ասել, թե բնակիչները համաձայն չեն այդ լուծմանը, չի նշանակում, որ պետք է թողնենք իրենց այդ փլատակների տակ։ Ես խոսում եմ չորրորդ կարգի վթարային շենքերի մասին», - նշեց Խաժակյանը։