Սամվել Ադյանը արգելել է փաստաբանին շփվել լրատվամիջոցների հետ. նա ազատ է արձակվել
25/04/2019 16:58

Սամվել Ադյանը արգելել է փաստաբանին շփվել լրատվամիջոցների հետ. նա ազատ է արձակվել

Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, որը արդեն երկու ամիս գտնվում էր կալանքի տակ, այսօր առավոտյան ազատ է արձակվել, Aysor.am-ին փոխանցեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականյանը կտրականապես մերժեց մեզ որևէ տեղեկություն տրամադրել՝ ասելով, թե իր պաշտպանյալը արգելել է շփվել լրատվամիջոցների հետ, տեղեկություններ փոխանցել։

Նշենք, որ օրերս դատարանը մերժել էր ԱԱԾ քննչական դեպարատամենտի միջնորդությունը՝ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Նրա կալանքի երկամսյա ժամկետն ավարտվում էր այսօր, և պաշտոնյան ազատ է արձակվել։ 

Սամվել Ադյանը Ադյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Այս գործով մեղադրյալներ են նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, որն ավելի վաղ էր ազատ արձակվել։