07/05/2019 11:21
Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում, արեք. Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է կառավարության գործելաոճը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին կառավարության գործելաոճը շարունակում է զարմացնել։ Պարզվում է՝ կառավարությունը պատգամավորի ներկայացրած կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին նախագծի մասին դրական արտահայտվելուց հետո զղջացել է և նրան ուղարկված գրությամբ առաջարկել է ձեռնպահ մնալ այդ նախագիծն ընդունելուց։
Նաիրա Զոհրաբյանի նախագիծը, հիշեցնենք, վերաբերում էր քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն. նա առաջարկում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումն ու ծանակումը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից բերել քրեական օրենսգիրք ու այդ գործողությունների համար նախատեսել քրեական պատասխանատվություն։
«Կառավարությունն այդ մասին իմ առաջարկը քննարկում է, որի արդյունքներով դրական մեսիջներով անում է ավելի դրական առաջարկներ, որն ինձ ավելի է ոգևորում։ Նրանք ասում են՝ չէ, դուք քիչ պատիժ եք նախատեսում, պետք է լինի մինչև 3 տարի ազատազրկում։ Ես ասում եմ՝ բռավո, համաձայն ենք։ Դրական նոտայով գալիս է Ազգային ժողով, բայց երեկ մենք ստացել ենք կառավարությունից գրություն, որով առաջարկում է ձեռնպահ մնալ այդ նախագիծն ընդունելուց, քանի որ մենք Ազգային ժողովում ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը քննարկում է այդ հարցը։ Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում, ուզում եք անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քավ լիցի, խնդիր չկա, արեք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից։ Եթե դուք կարծում եք, որ պետք է այդ նախագիծը դուք ներկայացնեք, որ շներն ու կատուները իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, քանի որ վիճակագրությունը բավականին ծանր է, կենդանիներին ամեն օր խեղում են», - այսօր խորհրդարանում իր ելությում հայտարարեց Նաիար Զոհրաբյանը։