Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը. Վիտալի Բալասանյան
09/05/2019 10:57

Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը. Վիտալի Բալասանյան

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ պետք է հարգեին Արցախի գործող նախագահ  Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

«Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Նրանց դիմումը չէր վերաբերում ընդհանրապես քրեական գործը կասեցնելուն կամ հետապնդումը դադարեցնելուն։ Նրանց դիմումը վերաբերում էր նրան, որ գոնե այս օրերին բոլոր նախագահները մասնակցեին այս տոներին»,- Արցախում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բալասանյանը։

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Արցախի իշխանությունները խառնվում են Հայաստանի ներքին գործերին, Բալասանյանն արձագանքեց.

«Մենք ժամանակին ասել ենք՝ ունենք երկու հայկական պետություն՝ մեկ հայրենիք։ Ինչի՞ մասին է խոսքը»։

Հիշեցնենք՝ Արցախի գործող ու նախկին նախագահները դիմել էին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։

Արցախի գործող և նախկին նախագահներն իրենց դիմումում մասնավորապես, նշել էին. «...Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

Սակայն գլխավոր դատախազությունը տարածած հայտարարությամբ հայտնել էր՝ քանի որ քրեական գործն ուղարկվել է դատարան, այդ միջնորդության քննարկումն իրենց իրավասության շրջանակում չէ։

Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը. Վիտալի Բալասանյան